BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մատարելան կհրավիրի՞ Պուտինին Տաորմին, Սիրիայի հարցը՝ առանցքային

Մատարելան կհրավիրի՞ Պուտինին Տաորմին, Սիրիայի հարցը՝ առանցքային
11.04.2017 | 18:48

Երկուշաբթի երեկոյան Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան եռօրյա այցով ժամանեց Մոսկվա: Ռուսական մամուլը նրանից սենսացիոն ժեստ է սպասում՝ հրավեր Վլադիմիր Պուտինին՝ G7-ի հանդիպմանը Տաորմինում, որ Իտալիայի նախագահությամբ կայանալու է մայիսի 26-27-ին՝ հաղորդում է La Repubblica-ն: «Հրավերը էլեգանտ ժեստ կլիներ»՝ գրել է «Коммерсант»-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լանչից առաջ Իտալիայի նախագահը հանդիպելու է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հազիվ թե Մատարելայի հետ բանակցություններում անսպասելի շրջադարձ լինի, որի հույսն ունեն ռուսները՝ գրում է ՈՒմբերտո Ռոսոն:

Իտալիայի նախագահի առաքելությունը Կրեմլի հետ երկխոսության նպատակ ունի, օրակարգում տարաձայնություններն են ԱՄՆ-ի հետ, հարաբերությունները ԵՄ-ի հետ ու տնտեսական պատժամիջոցները, Լիբիայից միգրանտների հարցը (երկիր, որտեղ Մոսկվան կարևոր դեր է խաղում), նաև՝ կլիմայի հարցերը՝ երբ ԱՄՆ-ը հրաժարվեց ստորագրել համատեղ հայտարարությունը Հռոմում G7-ի հանդիպումից հետո, որ նվիրված էր էներգետիկ հարցերին: Բայց Մատարելայի բարեկամական ժեստը Պուտինի առնչությամբ այդքան հեռուն գնալ չի կարող, որ նրան Տաորմինի հրավեր հանձնի՝ ապաքինելով առաջատար պետությունների ակումբից հեռացման վերքը, որ 2014-ին ստացավ Ղրիմի անեքսիայի դիմաց: Այդ շրջադարձը դիվանագիտական ֆանտաստիկա է՝ թե էթիկետի, թե քաղաքական պատճառներով: Նախ՝ իշխանության ինստիտուտների տեսակետից, G7-ի սամմիթի պաշտոնական հրավերի նախաձեռնությունը տեսականորեն չի կարող բխել մեր նախագահից, որ Սահմանադրության համաձայն՝ արտաքին քաղաքականության համար պատասխանատու չէ: Այդ խաղում կառավարությունն է խաղաքարտերը բաժանում: Իսկ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին ընդամենը մի քանի շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպումից հետո, պատասխանելով հարցին, բացառեց մեծ ութնյակին վերադարձը: Գուցե Մատարելան ևս մտածում է, որ Թրամփի ու Պուտինի առաջին հանդիպումը Տաորմինում կլիցքաթափեր սառը պատերազմի նոր մթնոլորտը, սակայն Մոսկվայի հետ կամուրջներ գցելու Իտալիայի դերն ունի ավելի ռեալիստական նպատակ:

Օրինակ, Լիբիայի հարցը, որտեղ Ռուսաստանն աջակցում է Թոբրուկի կառավարությանը, ի հակակշիռ Իտալիայի, որ համաձայնագիր է կնքել Ֆաիզ Սարաջի կառավարության հետ (որին ընդունում է ՄԱԿ-ը)՝ դադարեցնելու համար միգրանտների հոսքը Իտալիա: Լիբիայի հարցը նաև Մատարելայի ու Մեդվեդևի հետ բանակցությունների օրակարգում է:
ՈՒմբերտո ՌՈՍՈ, La Repubblica


Հ.Գ. Reuters-ի թղթակից Քրիսպիան Բալմերը Իտալիայի Լուկկա քաղաքից, որտեղ G7-ի ԱԳ նախարարները հանդիպել են երկուշաբթի՝ որոնելով Ռուսաստանի վրա ներգործելու միջոցներ՝ Բաշար Ասադի հետ կապերը դադարեցնելու համար, գրել է, որ պատժամիջոցների հարցն է քննարկվել: Սիրիական ավիաբազային ԱՄՆ թևավոր հրթիռների հարվածը անցյալ շաբաթ՝ ի պատասխան քիմիական գրոհի Ասադի հակառակորդների տիրապետության տակ գտնվող տարածքում, ակտիվացրեց խոսակցությունները, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարել, քան սպասվում էր: Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը լրագրողներին ասաց, որ Ասադին աջակցությունը հարվածում է Ռուսաստանի հեղինակությանը և հնարավոր համարեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը: Նույն շրջագծում էր Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոյի խոսքը, որ պետք են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սիրիական ճգնաժամի պատճառով: ԱՄՆ-ը և ԵՄ-ն 2014-ին պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նկատմամբ Ղրիմի անեքսիայից և ՈՒկրաինայի արևելքում արյունահեղությունից հետո: «Մենք անպայման կքննարկենք լրացուցիչ պատժամիջոցների հնարավորության հարցը սիրիացի մի քանի զինվորական պաշտոնյաների և, իհարկե, ռուս զինվորական պաշտոնյաների նկատմամբ, որ ներգրավված են Սիրիայի ռազմական ջանքերի համակարգման մեջ»՝ հաղորդեց Բորիս Ջոնսոնը: Հայտնի չէ՝ Մոսկվայի վրա ճնշումների ինչ միջոցների կդիմի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մոսկվա այցի ժամանակ՝ G7-ի երկօրյա հանդիպումից հետո Լուկկայում: «Մենք փորձում ենք Ռեքս Թիլերսոնին ավելի հստակ մանդատ տալ ի դեմս Արևմուտքի, Միացյալ Թագավորության և մեր դաշնակիցների, որ նա Ռուսաստանին ասի՝ «Մեր ընտրությունը դա է, մնացեք նրա հետ, մնացեք այդ բռնապետի հետ կամ աշխատեք լավագույն լուծման որոնումներում»՝ ասաց Բորիս Ջոնսոնը Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո:


Ռուսաստանը հերքել է մեղադրանքները, որ Ասադի ուժերը քիմիական զենք են կիրառել իրենց մարդկանց դեմ և հաղորդել է, որ չի խզի կապերը Բաշար Ասադի հետ վեցամյա կոնֆլիկտից հետո, որ ավերել է նրա երկիրը: Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի ասել է, որ «իրավիճակը կարգավորելու համար վերադարձը կեղծ փորձերին «Ասադը պետք է հեռանա» մանտրաների հռչակումով, ի վիճակի չէ որևէ մեկին մոտեցնել Սիրիայում քաղաքական կարգավորմանը»: Կիրակի օրը Թիլերսոնն ասել է, որ ԱՄՆ-ի համար գերակայություն է հաղթանակը Ասադի հիմնական թշնամու՝ ԻՊ-ի դեմ: Այս մեկնաբանությունները ստիպում են ԱՄՆ աջակիցներին մտածել՝ ապրիլի 7-ի օդային հարձակումը մեկանգամյա՞ ակցիա էր: Երկուշաբթի օրը Թիլերսոնը ներկա էր արարողությանը, որ նվիրված էր Իտալիայում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստների ձեռքով զանգվածային գնդակահարության զոհերի հիշատակին, և ասաց, որ ԱՄՆ-ը երբեք նման բռնությունները անպատիժ չի թողնի: «Մենք նորից ենք մեզ վրա վերցնում պատասխանատվության կոչելու պարտքը նրանց, ովքեր հանցագործության են դիմում անմեղների դեմ՝ որտեղ էլ լինի աշխարհում»՝ ասաց նա: Իտալիայում հանդիպում են Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Կատարի ԱԳ նախարարները: Նրանք երեքշաբթի միանալու են G7-ին՝ քննարկելու իրավիճակը Սիրիայում: Բոլորն էլ դեմ են Ասադի վարչակարգին:


Զարմանալի է, չէ՞, որ բոլորը բոլորին հանդիպում են, որ Սիրիայի հարցը լուծեն՝ առանց Սիրիայի ներկայացուցիչների: Չի՞ ստացվում, որ նրանք հանդիպում են Սիրիայում իրենց հարցերը լուծելու համար, ու որովհետև շատ տարբեր են նրանց շահերը, Սիրիայի հարցը չի լուծվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ